Քոչարյանի բացահայտ սպառնալիքը․ պետք է զգուշանալ կրակոցներից

Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ կրկնելով այն գնահատականները, որոնք երեկ երեկոյան նրա գրասենյակը հնչեցրել է սկանդալային հեռախոսազրույցների հետ կապված։ Քոչարյանը վստահ է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, նա, ըստ էության, օգտվում է այն հնարավորությունից, որը նրան ընձեռել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը։
Մենք այս թեմային հանգամանալից երեկ և այսօր անդրադարձել ենք ու հիմա էլ մնում ենք այն կարծիքին, որ գաղտնալսման ու դրա հրապարակայնացման նպատակը եղել է Մարտի 1-ի գործի ողնաշարը ջարդելը, ընթացող գործընթացն ապալեգիտիմացնելը։ Իհարկե, քաղաքական հարթության վրա Նիկոլ Փաշինյանը գտավ ստեղծված իրավիճակի լուծումը՝ հասարակությանն ավելի մոբիլիզացնելով իր, հեղափոխության շուրջը՝ այսպիսով լուծելով նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի հարցը։

Էապես սահմանափակվեց, փոքրացավ քրեաօլիգարխիայի մանևրի քաղաքական տարածությունը, մյուս կողմից՝ սկանդալային հեռախոսազրույցների բովանդակությունը իրավական ալիբի է տվել Քոչարյանին՝ կասկածի տակ դնելու նախաքննության լեգիտիմությունը ու կասկածից վեր է, որ, թերևս, իր ջանքերով լույս աշխարհ եկած գաղտնալսումը երկրորդ նախագահի թիմն օգտագործելու է անգամ միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ Քոչարյանն այսօրվա հարցազրույցում հնարավորինս ապալեգիտիմացնում է քննությունը՝ հիշատակելով, որ ապագայում Հայաստանի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ մոնիթորինգի խմբում։

Մեկնաբանել