Միլիցիայի աշխատակիցները Յապոնչիկի ավտոմեքենան կանգնեցնելու համար 11 գնդակ արձակեցին

Ցանկանալով կանգնեցնել Յապոնչիկի ավտոմեքենան` միլիցիայի աշխատակիցները 11 գնդակ արձակեցին: Այս անչափ հետաքրքրական տեսարանին զարմացած հետևում էին Ռումինիայի պետական-ռազմական պատվիրակության անդամները, որոնք հենց այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Գրեչկոյի ուղեկցությամբ դուրս էին գալիս թատրոնից: Պահպանությունն ապշել էր ու չգիտեր ինչ անել:

Այս պատմության մանրամասները ժամանակին ներկայացրել է իրադարձության մի հիմնական մասնակից` ոմն Միխայիլ Գլիոզա: «Կոլխոզնայա» հրապարակում գտնվող գարեջրատանը նա 1973-ին ծանոթանում է Մոսկվայի հանցագործ աշխարհի լեգենդներից մեկի` Կալինա Նիկոֆորովայի հետ: Կալյան գարեջրատան տնօրենն էր: Նախկին օպերները հավաստում են, որ հենց այս կինն էր այդ ժամանակների հնարամիտ հանցագործություններից շատերի միտքն ու գաղափարը:

Կալյան Գլիոզային խնդրում է օգնել իրեն` «Վոլգա» ձեռք բերելու համար: Կալյան գիտեր, որ Գլիոզայի կինն առևտրի նախարարի առաջին տեղակալի դուստրն էր: Նիկոֆորովան բացատրում է, որ մեքենան իր համար չէ, այլ իր ծանոթի` Սլավա Յապոնչիկի: Ո՞վ էր այս Յապոնչիկը. Գլիոզան այդ ժամանակ դեռ չգիտեր: Նա ստանում է 2.500 ռուբլին, տալիս նախարարի խորհրդականներից մեկին, բայց գործը չի ստացվում, և փողը վերադարձնում է Նիկոֆորովային: Սա` ըստ Գլիոզայի: Իսկ ըստ Ղազարովի, այս խորհրդականը գումարը պարզապես գրպանել է: Յապոնչիկը 1975-ի հունիսին հանդիպում է Գլիոզային ու պահանջում վերադարձնել պարտքը:

– Դու ինձ պարտք ես 5 կտոր: Կվերադարձնես վաղը` երեկոյան ժամը 10-ին, Խորհրդային բանակի թատրոնի մոտ: Իսկ առայժմ ես վերցնում եմ քո մեքենան,- ցածր, բայց հաստատաձայն ասում է Յապոնչիկը:

Գլիոզայի մեքենան ուներ աչքի ընկնող պետհամարանիշ («00-01 ՄՕՖ». այսպիսի համարներ ունեին Մոսկվայի միլիցիայի «շեֆերը») և հատուկ «տալոն», որն արգելում էր ստուգել ավտոմեքենան ու նրանում եղած անձանց: Յապոնչիկը «տալոնը» նույնպես վերցրեց: Բնական է, որ Գլիոզան պետավտոտեսչությունում ուներ «լավ» ծանոթներ, ովքեր նրան խորհուրդ տվեցին դիմել Մոսկվայի քրեական հետախուզություն` “МУР”: Երբ ներկայացված լուսանկարների մեջ նա ճանաչեց իրեն «վիրավորողին», օպերներից մեկը բերանից թռցրեց.

– Յապոնչիկն է: 1971 թվականից ենք փորձում նրան որսալ:

«Լկտիին» ձերբակալելու համար մշակվեց օպերատիվ պլան: Գլիոզան պետք էր որպես խայծ: Տուժողը պետք է Յապոնչիկին ասեր, թե պարտքը բերել է և օպերներին հարձակման նշան աներ` մազերը սղալելով: Հանդիպման վայրում Յապոնչիկը Գլիոզայի մեքենայով, ինքն էլ` ղեկին, մոտեցավ Գլիոզային, նրան հրամայեց նստել ու անմիջապես տեղից պոկվեց: Տուժողը «մազերը սղալելու» ժամանակ չունեցավ, անգամ ձերբակալման գործողության հնարավորությունը հասավ նվազագույնի: Այդ ժամանակ Յապոնչիկի մեքենայի դեմ դուրս եկան թաքստոցում նստած օպերները և կրակ բացեցին: Գնդակոծված «Վոլգայի» ուղևորներն անվնաս մնացին, ու մեքենան սլացավ դեպի անէություն: Այդ օրերին շոկի մեջ էին բոլորը` դատախազությունը, ՊԱԿ-ը: Իշխանությունները նույնիսկ մտածեցին, որ հրաձգությունն ամերիկյան հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքն է: Իսկ այդ նույն ժամանակ Յապոնչիկի ընկերները նամակներ ուղարկեցին Բրեժնևին, Կոսիգինին, Անդրոպովին և Շչոլոկովին: Նրանք հաղորդում էին, որ կրակել է ոչ թե Յապոնչիկը, այլ միլիցիոները: Երբ Յապոնչիկին, այնուամենայնիվ, ձերբակալեցին, Գլիոզան փոխեց իր ցուցմունքն ու հայտարարեց, որ ինքն իսկապես պարտավոր էր փողը վերադարձնել, որը Յապոնչիկին չէր տվել Կալյա Նիկոֆորովան, որն այդ ժամանակ դատապարտվել էր վալյուտային զեղծարարությունների համար:

Մեկնաբանել