Փարիզում «Սարդ մարդը» մագլցել է շենքի վրա ու փրկել ընկնող երեխային (տեսանյութ)

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երիտասարդը դիմում հերոսական քայլի՝ «Սարդ մարդու» պես մագլցում շենքով ու փրկում 4-րդ հարկի պատշգամբից ցած ընկնելու վտանգի մեջ հայտնված երեխային:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութի հերոսը Մալիից եկած ներգաղթյալ Մամուդու Գասաման է, որից ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվել փոքրիկին հասնելու համար:

Երեսունչորս վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես է 22-ամյա Գասաման մի պատշգամբից մյուսը բարձրանում ու, ի վերջո, հասնում 4-րդ հարկ՝ բռնելով երեխային:

Ավելի ուշ Գասաման պատմել է, որ առանց մտածելու անմիջապես առաջ է նետվել:

«Փա՛ռք Աստծո, որ կարողացա փրկել երեխային»,-նշել է նա:

Հայտնի է, որ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն զանգահարել է երիտասարդին ու շնորհակալություն հայտնել ցուցաբերած քաջության համար:

Աղբյուրը հավելում է, որ ավելի ուշ Գասամային Ելիսեյան պալատում կհյուրընկալի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մեկնաբանել