Այսօր ես եմ քեզ տանելու տուն տղաս… (Պատմություն)

Ամեն օր հայրը, որդու ձեռքը բռնած նրան տանում էր դպրոց:
-Հայրիկ, դու ինձ ամեն օր բերում ես դպրոց, սակայն երբեք չես գալիս ինձ դպրոցից տուն բերելու, խոսք տուր, որ այսօր գալու ես իմ հետևից… Հայրը մեկ վայրկյան մտածեց, ապա ասաց.
– Խոսք եմ տալիս տղաս, այսօր ես եմ գալու քո հետևից, այսօր ես եմ քեզ տանելու տուն:

Այդ օրը դեկտեմբերի 7-ն էր, 1988 թվական. Երկրաշարժ: Հայրը, ով այդ պահին գտնվում էր դրսում, կարողացավ խույս տալ այդ աղետից, բայց նրան տանջում էր այն, ինչ տեսնում էր նա իր չորս կողմում. մահացած մարդիկ, քանդված շենքեր ու հազարավոր մարդկանց լացակումած աղաղակներ… Բայց նրան տանջում էր նաև այն միտքը, որ տղան դպրոցում է, և խոսք է տվել որդուն, որ այսօր ինքն է տանելու նրան տուն: Նա սկսեց վազել դեպի դպրոց, պետք էր ամեն գնով փրկել իր զավակին…
Հասնելով դպրոցի մոտ՝ տեսավ հիմնովին քանդված, գետնին հավասարեցված քարե կույտեր. դա դպրոցն էր: Արցունքները սկսեցին ավելի ու ավելի արագ հոսել աչքերից. «Ես պետք է գտնեմ տղայիս, ես նրան խոսք եմ տվել» կրկնում էր նա, ու փնտրում մոտավոր այն վայրը, որը իր տղայի դասարանն էր: Նա բարձրացավ այդ ավերակների վրա, ու սկսեց այս ու այն կողմ հրել այդ քարե բեկորներն ու կոտրված պատերը:
-Այդտեղ բոլորը մահացած են, ավելի լավ է եկեք այստեղ դեռ կենդանի մարդիկ կան, եկեք նրանց փրկենք, – գոչում էին կողքի շինության վրա աշխատող փրկարարները:
-Ո՛չ, իմ տղան այստեղ է, նա կենդանի է…
Հայրը շարունակում էր փնտրել որդուն: Անցել էր մոտ 6 ժամ: Հոր մատները ցրտից ու կոպիտ նյութերից ամբողջությամբ արյունլվա էին եղել, բայց նա չէր հանձնվում, նա ուներ նպատակ՝ նա պետք է որդուն փրկեր: Անցավ 12 ժամ, 24, 36…

Նա շարունակում էր փնտրել, երբ հանկարծ նա նկատեց մի փոքրիկ անցք:
-Արմաաա՜ն, Արմաաա՜ն, – գոչում էր նա իր ամբողջ ուժով: Ու հանկարծ այդ մութ ու փոքր անցքից լսելի եղավ որդու աղաղակը.
-Հայրիիիի՜կ, դու եկար…
-Արման դու ողջ ես, ինպե՞ս ես տղաս:
-Լավ եմ հայրիկ, ես սոված եմ…

Դա դեպի նկուղ տանող անցք էր, հայրը ավելի ու ավելի մեծացրեց այն ու մեկնեց ձեռքը.
-Արի տղաս, մենք տուն ենք գնում: -Ո՛չ հայրիկ, սպասիր, իմ ընկերներ էլ են այստեղ, մենք սոված ենք, այս ողջ ընթացքում ես նրանց հանգստացնում էի ու ասում, «մի անհանգստացեք, իմ հայրը գալու է իմ հետևից»

Մեկնաբանել