Մարդը տնից գնացել էր, չկար… (պատմություն)

Մարդը տնից գնացել էր, չկար: Տարիքն առած, արդեն ձեռնափայտին ընկերացած մարդ էր: Չէին էլ նկատել, թե ինչպես էր դուրս եկել: Ու հիմա ամբողջ գյուղով փնտրում էին:
Երրորդ օրը վերադարձավ: «Ու՞ր էիր, այ մարդ»,- ոչ այն է զայրացած, ոչ այն է ստրները տեղն ընկած հարցնում էին: Ոչ մեկին ոչ մի բան չասաց: Հետո իմացան: Գնացել էր իր որդիներին ու դուստրերին այցելելու: Բոլորն էլ գյուղից հեռու էին ապրում` որը քաղաքում, որը ուրիշ մի գյուղում: Հերթով տեսել էր, համոզվել էր, որ ամեն բան լավ է, բաժակ բաժակի էր խփել հետները, ասել էր` «Բարով մնաք» ու դուրս էր եկել:
Հիմա հոգնած, բաց գոհունակ դեմքով տուն դարձավ, բոլորին ժպտաց, ասաց` մի քիչ պառկեմ, հանգստանամ: Պառկեց ու այդպես էլ հոգին ավանդեց:
Արարատի Ուրծաձոր գյուղից էր:

© Hovik Charkhchyan

Մեկնաբանել