էրեխեք, գրադը գալիս ա… հիշողություններ

1993թ. ապրիլի 7-ին (մորս ծննդյան օրը) առավոտյան ժամը 11-ն անց էր: Մեր դասարանում մաթեմատիկայի ժամ էր, ու դասը ես էի պատասխանում: (Ավագ 4-րդ դասարան էինք, 11-12 տարեկան): Ալիկը, ով կողքիս նստողն էր, ամեն անկապ ձայնի վրա րոպեն մեկ ասում էր` «էրեխեք, գրադը գալիս ա, գրադը, ընկեր Խաչատրյան, գրադը»: Ընկեր Խաչատրյանը մի քանի անգամ սաստեց` «այ տղա, ձա՛յնդ, հիմա՞ր ես դու, ինչի՞ ես վախեցնում»:
Բայց վերջին «վախեցնում»-ի վրա «գրադը» տեղ հասավ. մի ահարկու դրմփոց լսվեց: Մի վայրկյանում իրար կոխկրտելով, իրար վրայով սողալով մեզ գցեցինք միջանցք` դպրոցի ապաստարանն իջնելու (ապաստարան տանող աստիճանները հենց մեր դասարանի կողքն էին): Մի ակնթարթում դպրոց լցված սպիտակ ամպի փոշու մեջ ոչինչ չէր երևում, միայն լսվում էին. խառնիխուռն, իրար խանգարող, իրար վրա մագլցած ձայներ, ճիչ, լացուկոծ, աղմուկ-աղաղակ, հայհոյանքներ, հայրերի, մայրերի, եղբայր-քույրերի, հարևանների, բարեկամների, ընկերների անհասցե, անհույս կանչեր ու արտասուք` յուրաքանչյուրն իր հարազատին: Կրակներ էին միայն` շուրջբոլորը վառող-թափող: Տիեզերական պայթյունին հետևող մի խո՜ւլ , աննկարագրելի մի քաոս:
Բարեբախտաբար զոհեր չունեցանք, միայն երկու աշակերտ վիրավորվեց. 7-րդ կամ 8-րդ դասարանցի Սիմոնյան Լիանան և 6-րդ դասարանցի Խաչատրյան Սևադան: Երկուսն էլ գլխից վիրավորվեցին: Լիանայի վնասվածքը միջին աստիճանի էր, նա հետզհետե լիովին ապաքինվեց: Ամենածանրը Սևադայի վնասվածքն էր, որի հետևանքները մինչև այսօր մնում են:
Հետո պարզվեց` «գրադը» հենց մեր դասարանի միջով է իջել` ծակելով հենց իմ նստարանը:

Նյութը տրամադրեց Էդուարդ Հարենցը

Մեկնաբանել