Թագավորն ու ծերունին (առակ)

Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։
-Ով ծերունի,-ասում է թագավորը, -ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ ծառը քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր-վաղը գնալու ես։
-Թագավո՛ր,- պատասխանում է ծերունին,- մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:
-Տվեք նրան հազար դրամ,- հրամայում է թագավորն իր ենթականերին,-որովհետև բարի ու լավախոհ մարդ է:
Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
-Ինչո՞ւ գոհ եղար,-հարցնում է թագավորը։
-Որովհետև,-պատասխանում է ծերունին,-ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։
-Դարձյալ տվեք նրան հազար դրամ,-հրամայում է թագավորը:
Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:
-Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,-հարցնում է արքան։
-Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։
Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։

Վարդան Այգեկցու առակներից

Մեկնաբանել