Մեր կյանքի իմաստը

Մի անգամ մի իմաստուն, իր աշակերտների առաջ կանգնած, հետևյալ բանն արեց: Նա վերցրեց մի մեծ ապակե աման և պռնկեպռունկ այն մեծ քարերով լցրեց: Այդ անելով` նա աշակերտներին հարցրեց` արդյո՞ք ամանը լիքն է: Բոլորը հաստատեցին, որ լիքն է: Այնժամ իմաստունը վերցրեց փոքրիկ քարերով տուփը, լցրեց այն ամանի մեջ և մի քանի անգամ թեթևակի թափահարեց այն: Քարերը լցվեցին մեծ քարերի արանքները և գրավեցին բաց տեղերը: Այնուհետև նա նորից հարցրեց աշակերտներին, թե արդյո՞ք հիմա ամանը լիքն է: Նրանք դարձյալ հաստատեցին` փաստ է, որ լիքն է: Եվ, ի վերջո, իմաստունը սեղանի վրայից վերցրեց ավազով տուփը և այն շաղ տվեց ամանի մեջ: Ավազն իհարկե լցրեց վերջին ծակուծուկերն ամանի մեջ: «Հիմա,- դիմեց իմաստունն աշակերտներին,- ես կկամենայի, որպեսզի դուք կարողանայիք ճանաչել այս ամանի մեջ ձեր կյանքը: Խոշոր քարերն արտացոլում են կարևոր բաները կյանքում` ձեր ընտանիքը, ձեր սիրելի մարդկանց, ձեր առողջությունը, ձեր երեխաները` այն բաները, որոնք, եթե նույնիսկ մնացյալը չլիներ, դեռևս կարող են լցնել ձեր կյանքը:

Փոքրիկ քարերը ներկայացնում են պակաս կարևոր բաները, այնպիսիք, ինչպիսին, օրինակ, ձեր աշխատանքն է, ձեր բնակարանը, ձեր տունը կամ ձեր կառքը: Ավազը խորհրդանշում է կենաց մանրուքները, առտնին վազվզուքը:

Իսկ եթե դուք ձեր ամանը սկզբում ավազով լցնեք, ապա առավել մեծ քարերի համար այլևս տեղ չի մնա: Այդպես է և կյանքում` եթե դուք ձեր ողջ էներգիան ծախսեք մանր բաների վրա, ապա մեծ բաների համար ոչինչ չի մնա:
Ուստի ամենից առաջ ուշադրություն դարձրեք կարևոր բաներին, ժամանակ գտեք ձեր երեխաների և սիրելիների համար, հետևեք ձեր առողջությանը: Ձեզ մոտ դեռ բավական ժամանակ կմնա աշխատանքի, տան, տոների և մնացյալ բոլոր բաների համար: Հետևեք ձեր մեծ քարերին` միայն դրանք գին ունեն, ողջ մնացյալը` լոկ ավազ է:

Մեկնաբանել