Ես խանդում եմ քեզ

1202995992_D1F2F0EkEEAE820EBFEE1E2E8203031Ես քեզ խանդում եմ,
Ու հիանում եմ,
Ես քեզ խանդում եմ,
Աներես խանդից արագ հյուծվում եմ,
Ներսս կրծում եմ…
Ես խանդում եմ քեզ,
Ինչպես չխանդեմ, երբ այդ աչքերդ բոլորի հետ են, բայց ո’չ իմ կողքին,
Ինչպես չխանդեմ, որ այդ ժպիտդ` բոլորի համար, բոլորի դեմքին շողշողում է նուրբ,
Բայց ո’չ ինձ համար…
Ես քեզ խանդում եմ,
Ես խանդում եմ քեզ…
Ինչպես չխանդեմ,
Խանդում եմ նույնիսկ ես այն գրիչին, որին գրկում են մատներդ բարակ,
Խանդում եմ նույնիսկ սուրճի բաժակին,
Որից շուրթերդ ըմպում են հաճախ
Խանդում եմ նույնիսկ քո արցունքներին,
Նրանք այտերդ շոյում են հաճախ,
Ինչպես չխանդեմ…
Խանդում եմ նույնիսկ ձայնդ այդ հնչեղ,
Երբ այն հնչում է ամենքի համար,
Բայց ո~չ ինձ համար…
Երբ զրնգում է քո խենթ ծիծաղը,
Երբ շռայլում ես ամենքի համար…
Ես քեզ խանդում եմ,
Արշալույսն վկա,
Խանդում եմ նույնիսկ արևի շողին,
Խանդում եմ նույնիսկ անձրևին , քամուն,
Նրանք բախտ ունեն գոնե դիպչելու…
Ես խանդում եմ քեզ,
Ու ափսոսում եմ,
Որ շա~տ -շատերի գծուծ աչքերը,
Որոնք երբևէ փայլ չեն ունեցել`
Հիմա փայլում են քո մի հայացքից ,
Քո մի ողջույնից,
Մի ձեռքսեղմումից…
Ես քեզ խանդում եմ,
Խանդում եմ նույնիսկ բարակ մատներիդ,
Որ ամեն անգամ մազերդ են ուղղում…
Ինչպես չխանդեմ, ինպես չգժվեմ,
Երբ այդքան մոտիկ ու հեռու ես դու…
Ես քեզ խանդում եմ,
Ու հիանում եմ,
Աներես խանդից ես մահանում եմ….

Հեղինակ՝ ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

Մեկնաբանել