Կնոջ խորամանկությունը (պատմություն)

Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ պարկ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:
-Բարի՛ եկար,- ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։
-Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։
-Ծախու ոչինչ չունեմ,-պատտասխանեց մարդը։
-Հապա ունեցածդ ի՞նչ է։
-Կնոջ խորամանկություններն են,-ասաց հյուրը,-շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։
Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:
-Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ,-ասաց կինը հյուրին։
Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.
-Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորորդուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։
Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։

Մեկնաբանել